ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Երկրի պաշտպանությունը միայն նախագահի պարտականությունը չէ, այլ նաև իշխող քաղաքական ուժերի»

«Երկրի պաշտպանությունը միայն նախագահի պարտականությունը չէ, այլ նաև իշխող քաղաքական ուժերի»
27.01.2009 | 00:00

«ՍՏԵՂԾՎՈՂ ԲԱՆԱԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԱԴԱԴԱՐ ՊԱՐՏԱԴՐԱԾ ԲԱՆԱԿԻ»
Անկախ Հայաստանին վերապահված ծանր փորձություններից ու արցախյան պատերազմի թոհուբոհից ծնվեց հայոց բանակը, որին վիճակված էր անցնելու կայացման դժվարին ուղի։ «Երբ պաշտպանության նախարարությունում քննարկում ծավալվեց, թե որ օրը սահմանենք բանակի օր, շատ առաջարկներ ու տարբերակներ հնչեցին։ Բայց որոշեցինք ստեղծման հիմքերի ճանապարհով գնալ, այսինքն, 1992-ի հունվարի 28-ին կառավարության նիստ էր եղել, որտեղ որոշվել էր ստեղծել պաշտպանության նախարարություն։ Նաև ՊՆ-ի գաղտնի և ոչ գաղտնի փաստաթղթերը ստուգելով` գտանք Վազգեն Սարգսյանի երկու` գաղտնի և ոչ գաղտնի հրամանները, որոնք ստորագրված էին կրկին հունվարի 28-ին։ Այս հիմնավորումները հաշվի առնելով` «Տոների մասին» օրենքում առաջարկեցինք հունվարի 28-ը համարել Բանակի օր»,- Բանակի օրվան նվիրված մեր հարցազրույցն այս նախաբանով սկսեց ՊՆ նախկին փոխնախարար, այժմ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, բանակաշինության գործում իր լուման ներդրած ԱՐԹՈՒՐ ԱՂԱԲԵԿՅԱՆԸ։
-Երբ նշում էինք բանակի ստեղծման տասնամյակը, այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ու ամփոփեց տասը տարին` կառուցելով իր խոսքը հենց հունվարի 28-ից սկսած,- շարունակեց պարոն Աղաբեկյանը։- Այդ օրվա հետ կապված` հեռուստաընկերություններից մեկը հարցում էր արել քաղաքացիների շրջանում, թե ի՞նչ օր է։ Պատկերը փոքր-ինչ հիասթափեցնող էր, քանի որ պատասխանողների մեծ մասը չգիտեր` ինչ տոն է։ Այն դեռ չէր արմատացել հասարակության մեջ, սակայն այսօր պատկերն այլ է։
-Որպես բանակի ստեղծման ակունքում կանգնած մարդ` արդեն 17-ամյա այս կառույցն ինչպե՞ս եք գնահատում։
-Զինված ուժերը երկար ճանապարհ են անցել։ Բանակը ստեղծվեց այն ժամանակ, երբ երկիրը փաստացի գտնվում էր պատերազմական իրավիճակում։ Այդ օրերին արդեն կային վաշտեր, ջոկատներ, ստորաբաժանումներ, որոնք իրենց խոսքն ասել էին մարտի դաշտում` ունենալով ձեռքբերումներ ու կորուստներ։ ՈՒնեինք մարտական փորձ ձեռք բերած անհատներ։ Ահա այս շրջանում ո՞րն էր կարևորը, ինչպե՞ս պետք է համատեղվեր բանակաշինության այդ էտապն առկա իրավիճակի հետ, ինչպե՞ս իրար հետ համադրել մեր ազատամարտիկների, ովքեր արդեն մարտական ճանապարհ են անցել, և այն զինծառայողների, սպայական կազմի փորձը, ովքեր խորհրդային բանակից էին վերադարձել Հայաստան։ Այս պարագայում շատ ճիշտ վարվեցինք, հատկապես պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ում ողջ էներգիան, կարողությունները ներդրված էին այդ գործում։ Դրա շնորհիվ մենք այդ շրջանը լավ ավարտեցինք։ Եթե այդ ժամանակ սխալվեինք, ապա 1994-ին չէինք կարող պարտադրել զինադադար։ Մեծ արագությամբ սպառազինություն էր տրամադրվում Հայաստանին, բայց մեր ազատամարտիկները չէին կարող դրանց տիրապետել, հարկավոր էր նրանց որոշակի ուսում տալ։ Փառք մեր և՛ ազատամարտիկներին, և՛ այն պրոֆեսիոնալներին, ովքեր կարողացան համատեղել իրենց կարողությունները և բանակաշինության առաջին փուլն ավարտել` հակառակորդին զինադադար պարտադրելով։ 94-ից հետո սկսվեց երկրորդ և հիմնական փուլը։ Ինչո՞ւ հիմնական, որովհետև այն ազատամարտիկները, ովքեր մնացին բանակում, ունեին փորձ, բայց նրանց հարկավոր էր ուսում, կառավարման մեթոդիկա, անհրաժեշտ էր տիրապետել առկա կանոնադրությանը։ Իսկ բանակում միջանձնային հարաբերությունները պետք էր ճիշտ կանոնակարգել, քանի որ մենք գիտակցում էինք, որ Խորհրդային Միության զինված ուժերում առկա բարքերը չպետք է վերարտադրել հայկական բանակում։ Չգիտեմ` լավ է, թե վատ, բայց ունեինք միայն մեկ փորձ` խորհրդային բանակի։ Լուրջ գիտնականներ, մասնագետներ չունեինք, ովքեր ուսումնասիրել էին ռազմարվեստը։ Եվ, ամենակարևորը, ստեղծվող բանակը պետք է լիներ շարունակությունն արցախյան պատերազմում զինադադար պարտադրած բանակի, ինչը, կարծում եմ, մեզ չհաջողվեց կամ հաջողվեց մասամբ։ Այսօր ՊՆ-ում իրականացվող բարեփոխումների առնչությամբ երբեմն հնչում են մեղադրանքներ, սակայն վստահորեն կարող եմ ասել, որ այն ինչ-որ առումով վերադարձ է դեպի ակունքներ, դեպի այն փորձը, որ ունեինք մինչև 1994 թվականը։ Այն սկզբունքը, որ ներդրված էր ռազմական գործողություններում` միայն հաղթանակ` քիչ կորուստներով, հետագայում չամրացավ, չխորացավ, որովհետև մենք հիմքում դրեցինք պարտադիր զինծառայության օրենքը։ Այս բարեփոխումները միտված են պրոֆեսիոնալ տարրի ներդրմանը թե՛ ղեկավարման հիերարխիայում, թե՛ հրամանատարների իրավունքների ամբողջական կիրառման առումով։ Եթե այս ուղին ճիշտ առաջ տանենք, կունենանք այնպիսի զինված ուժեր, որը կհամապատասխանի արդի մարտահրավերներին։ Իսկ ռազմական արտաքին մարտահրավերները 1992-ից սկսած չեն փոխվել` շարունակել հակառակորդին զինադադար պարտադրել, որպեսզի մեր իշխանությունները հնարավորություն ունենան խաղաղ պայմաններում ԼՂ-ի հարցը լուծել, ինչպես նաև կանխել հավանական ագրեսիան ու պատրաստ լինել մասնակցելու տարածաշրջանային կամ արտաշրջանային առաքելություններին։
-Անդրադառնանք նաև բանակաշինության խնդիրներին։ Հաճախակի են դարձել խոսակցություններն այն մասին, թե Ադրբեջանը մեծացնում է իր պաշտպանության ոլորտին տրամադրվող ֆինանսական միջոցները։ Սա նկատի ունենալով` արդյո՞ք Հայաստանի պաշտպանությանը տրամադրվող ֆինանսները բավարար են անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններին լիովին պատրաստ լինելու համար։
-Զինված ուժերում լինելով ռազմական համագործակցության պատասխանատուն` մասնակցել եմ շատ միջոցառումների, որոնց ընթացքում պաշտպանական գերատեսչությունների պատասխանատուները միշտ բողոքել են, որ իրենց երկրի կառավարությունը բավարար չափով գումար չի տրամադրում, որպեսզի կատարեն այն խնդիրները, որոնք դրված են իրենց առջև։ Նույնը կարելի է ասել նաև Հայաստանի վերաբերյալ։ Երբեք տրամադրված գումարը չի կարող բավարարել խնդիրներն ամբողջական կատարելու համար։ ՈՒրեմն, ո՞րը պետք է լինի զինված ուժերի ղեկավարի հրաշագործությունը` ռեսուրսները ճիշտ բաշխելու համար։ Ռեսուրսները երեքն են` մարդկային, ֆինանսական և նյութական։ Ինչ վերաբերում է նյութական ռեսուրսին, ապա մեր երկրում երբեք խնդիր չի եղել զինված ուժերին հող, շինություն, տեխնիկա տրամադրելու առումով։ Ֆինանսական ռեսուրսը շատ կարևոր դերակատարություն ունի հատկապես միջազգային հանրության հետ շփվելիս, այսինքն, ՀՆԱ-ի քանի տոկոսն է տրամադրվում պաշտպանության նպատակների համար։ Այն երկրները, որոնք երեք տոկոսից ավելի ռեսուրս են տրամադրում, լուրջ հիմնավորումներ պետք է ներկայացնեն։ Կա չգրված օրենք` ՀՆԱ-ի երեք տոկոսից ավելին նշանակում է պատերազմ։ Իսկ մենք, խախտելով այդ չափը, ՀՆԱ-ի 3,5 տոկոսն ենք տրամադրում պաշտպանության ոլորտին, ինչը բավարար է զինուժին առաջադրված խնդիրներն ամբողջովին կատարելու համար։
-Այսօր կարո՞ղ ենք արձանագրել, որ, Աստված մի արասցե, պատերազմի վերսկսման պարագայում մեր բանակը ռազմական գործողություններին պատրաստ է։
-Այո։ Սա հենց այնպես ասված խոսք չէ, քանի որ ամեն վայրկյան ինքնաստուգման միջոցով բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը։ Հետագա բարեփոխումներն էլ կտանեն նրան, որ ավելի քիչ ռեսուրսներով կարող ենք կատարել այդ խնդիրը։
-Վերջերս ԱԺ ներկայացված «Պաշտպանության մասին» օրենքը լայն քննարկման հարց դարձավ։ Որպես ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ` ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումն այս օրենքին։
-Կարող եմ հավաստիացնել, որ ընդունված օրենքը լավագույնն է։ Քննադատներ չեն ճարվի։ Օրենքը հենց այնպես չի մշակվել, այն ճանապարհ է անցել, այլ փորձն ու նաև մեր փորձը, առկա վիճակն են ուսումնասիրվել։ Պաշտպանության գործին պետք է լուրջ մասնակցություն ունենան քաղաքացիական անձինք և քաղաքական այն ուժերը, որոնք ժողովրդի կողմից ընտրվել ու կառավարում են երկիրը։ Երկրի պաշտպանությունը միայն նախագահի պարտականությունը չէ, այլ նաև իշխող քաղաքական ուժերի։
-Ներբանակային ո՞ր խնդիրներն եք համարում առավել մտահոգիչ։
-Բանակի ներսում առկա ամենավատ խնդիրը շարունակում է մնալ միջանձնային հարաբերությունը` շարքային-շարքային, շարքային-սերժանտ, սպա-սերժանտ, սպա-շարքային։ Այս հարաբերությունների կարգավորումը թողնել միայն բանակի ուսերին, սխալ է։ Դեռ պաշտպանության փոխնախարար աշխատածս ժամանակ բարձրաձայնել եմ` բանակը հասարակության հայելին է, պետք է փորձել այդ թերությունները վերացնել մինչև բանակ զորակոչելը։ Չնայած ԿԳ և պաշտպանության նախարարությունների ձեռնարկած մի շարք միջոցառումներին, կարծում եմ, այսօր խնդիրը դեռևս լուծված չէ, քանի որ երիտասարդը բանակ է գալիս անպատրաստ։ Բայց և չկա աշխարհում մի բանակ, որ այս խնդիրը չունենա։ Սա երևույթ է, որի դեմ անընդհատ պետք է պայքարել։
-Եվ վերջում. ապագայի Ձեր պատկերացրած հայկական բանակը, ինչպիսի՞ն են Ձեր ակնկալիքները։
-Մի ցանկություն ունեմ, որ դեռ զինված ուժերում չի իրականացվել։ Կրկին խորհրդային բանակից մեզ մնացել է մի ցավալի իրականություն։ Խոսեմ օրինակով. երբ ավագ լեյտենանտի ուսադիրներով սպան խորհրդային բանակից զորացրվում էր, մի ամբողջ տարի միջոցառումներին հրավեր ստանալիս (հարսանիք, ծնունդ և այլն) հագնում էր սպայի հագուստն ու գնում այնտեղ։ ՈՒզում էր արժանանալ ուշադրության, իր կենացն այնտեղ խմեն, բոլորն իրեն մոտենան` բարևեն։ Իսկ խորհրդային բանակի օրն էլ մի այնպիսի տրամադրություն էին ստեղծում, որ դա յուրաքանչյուր տղամարդու տոնն է, և տղամարդիկ իրար հանդիպելիս շնորհավորում էին։ Այս ամենն ունի իր լավ կողմը, սակայն ունի նաև բացասականը։ Ժողովրդավարական հասարակության մեջ հայրենասեր են բոլորը` ուսուցիչը, բժիշկը, գործարարը, գյուղացին։ Կրկնակի հայրենասեր է այն սպան, ով ծառայում է զինված ուժերում։ Պարզապես մենք պետք է կարողանանք մեր զինծառայողների հետ բացատրական աշխատանք տանել, որ նրանք հասարակության առանձին տեսակ չեն, պետք է հասարակության մեջ համեստության կրողը լինեն։ Մի առիթով ասել եմ` մեր սպան երբ բարձրանում է երթուղային տաքսի, ուզում է բոլոր նստածներն իր փոխարեն վճարեն։ Մեր գեներալը, որ դուրս է գալիս փողոց, ուզում է բոլոր լուսարձակները կանաչ լինեն։ Սա խնդիր է, որ երկար ճանապարհ անցնելով կարող ենք հաղթահարել։ Օգտվելով առիթից` ուզում եմ մեր ժողովրդին, հատկապես զինծառայողներին, շնորհավորել տոնի առթիվ։ Կցանկանայի, որ հասարակության մեջ հունվարի 28-ն արմատավորվի ճիշտ այնպես, ինչպես ժամանակին` փետրվարի 23-ը։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4829

Մեկնաբանություններ